Ներածություն
Եթե Ձեր երեխայի համար դիտարկում եք կիրառական վարքագծային վերլուծության (ABA) թերապիան, բնական է, որ բազմաթիվ հարցեր ունեք։ ABA-ն գիտական ապացույցների վրա հիմնված մոտեցում է, որի նպատակն է օգնել երեխաներին զարգացնել առօրյայում կարևոր հմտություններ և ինքնուրույնություն։ Այս ուղեցույցը ներկայացնում է՝ ինչ է ABA-ն, ինչպես է այն սովորաբար իրականացվում և ինչ կարող եք սպասել սկզբում։
Ի՞նչ է ABA թերապիան
Կիրառական վարքագծային վերլուծությունը գիտական մոտեցում է՝ հասկանալու, թե ինչպես են մարդիկ սովորում և ինչպես է միջավայրն ազդում վարքագծի վրա։ ABA-ն կենտրոնանում է նոր հմտությունների ուսուցման և դրական վարքագծի աջակցության վրա՝ անհատականացված և հարգալից ձևով։
Մեր մոտեցման մեջ կարևորում ենք՝
- Ձեր երեխայի ինքնուրույնությանը նպաստող գործնական հմտությունների ուսուցումը
- Հաղորդակցման աջակցությունը՝ երեխային առավել հարմար ձևով
- Այն վարքագծերի նվազեցումը, որոնք կարող են խանգարել ուսուցմանը, անվտանգությանը կամ բարեկեցությանը
- Ձեր երեխայի անհատականության, հետաքրքրությունների և ուժեղ կողմերի հարգումը
ABA-ի յուրաքանչյուր ծրագիր կազմվում է՝ հաշվի առնելով երեխայի կարիքները, կարողությունները և Ձեր ընտանիքի առաջնահերթությունները։
Ո՞ր ոլորտներում կարող է աջակցել ABA-ն
Կախված նրանից, թե ինչն է առավել կարևոր երեխայի և ընտանիքի համար, ABA-ն կարող է անդրադառնալ հետևյալ ոլորտներին՝
- Հաղորդակցում․ կարիքների ու ցանկությունների արտահայտում՝ բառերով կամ հաղորդակցման այլընտրանքային միջոցներով
- Սոցիալական հմտություններ․ հերթով գործելը, ուրիշների հետ խաղալը, զրույց սկսելը և շարունակելը
- Առօրյա հմտություններ․ հագնվելը, հիգիենան, սնվելը և տնային առօրյան
- Հույզերի կարգավորում․ փոփոխություններին հարմարվելը և ուժեղ հույզերի հետ գործ ունենալը
- Սովորելու պատրաստակամություն․ ուշադրությունը, հրահանգներին հետևելը և խնդիրներ լուծելը
- Անվտանգություն․ սեփական անվանն արձագանքելը և հասարակական վայրերում խնամողի կողքին մնալը
Կոնկրետ նպատակները ընտրվում են Ձեզ հետ միասին՝ գնահատումից հետո, և պարբերաբար վերանայվում են, որպեսզի երեխայի աճին զուգընթաց մնան արդիական։
Ինչպե՞ս է իրականացվում ABA թերապիան
ABA-ն հաճախ համադրում է կառուցվածքային ուսուցումը բնական, խաղի վրա հիմնված ուսուցման հետ։ Բարդ հմտությունները կարող են բաժանվել ավելի փոքր, հաջորդական քայլերի՝ երեխայի համար հետաքրքիր ձևերով։
ABA-ի հիմնական բաղադրիչներից են՝
- Հստակ և դրական ձևակերպված ակնկալիքները
- Կանխատեսելի առօրյան
- Երեխային մոտիվացնող և նրա համար նշանակալի ամրապնդումը
- Առաջընթացի շարունակական հետևումը՝ ուշադիր դիտարկումների և տվյալների միջոցով
- Ճկուն փոփոխությունները՝ երեխայի արձագանքի համաձայն
Պարապմունքները կարող են անցկացվել այնտեղ, որտեղ երեխան սովորում է՝ տանը, մեր կլինիկայում, դպրոցում կամ համայնքում։
Ո՞վ է իրականացնում ABA թերապիան
- Հավաստագրված վարքագծային վերլուծաբան (BCBA)․ կազմում է երեխայի անհատական ծրագիրը և ապահովում շարունակական մասնագիտական վերահսկողություն
- Վարքագծային տեխնիկներ (BT), այդ թվում՝ RBT-ներ․ պարապմունքների ընթացքում անմիջականորեն աշխատում են երեխայի հետ՝ BCBA-ի վերահսկողությամբ
- Դուք՝ ծնողներն ու խնամողները․ թիմի կարևոր անդամներ եք
Ձեր մասնակցությունն օգնում է թիմին հասկանալ երեխային և պլանավորել ընտանիքի առօրյային համապատասխան աջակցություն։
Ինչպե՞ս է դրսևորվում առաջընթացը
Յուրաքանչյուր երեխայի առաջընթացը տարբեր է։ Որոշ հմտություններ կարող են ի հայտ գալ արագ, իսկ մյուսները զարգանում են աստիճանաբար։ Առաջընթացին հետևում են դիտարկելի և չափելի տեղեկությունների միջոցով, և այն՝
- Հետևողականորեն գրանցվում է օբյեկտիվ տվյալներով
- Պարբերաբար քննարկվում է Ձեր ընտանիքի հետ
- Օգտագործվում է պլանը փոփոխելու համար՝ երեխայի կարիքների փոփոխությանը զուգընթաց
Հաճախ տրվող հարցեր ժամանակակից ABA-ի մասին
ABA-ն զարգացել է և կարող է տարբերվել նրանից, ինչի մասին նախկինում լսել կամ տեսել եք։ Brighter & Beyond-ում ձգտում ենք այնպիսի ABA-ի, որը՝
- Երեխայակենտրոն է․ հետևում է երեխայի հետաքրքրություններին և մոտիվացիային
- Հենվում է ուժեղ կողմերի վրա․ զարգացնում է այն, ինչ երեխան արդեն լավ է անում
- Հարգալից է․ ուշադրություն է դարձնում երեխայի հարմարավետությանը և մասնակցելու պատրաստակամությանը
- Ուղղված է նշանակալի նպատակների․ հմտությունների, որոնք կարևոր են երեխայի առօրյայում
Ձեր դերը՝ որպես ծնող
Դուք Ձեր երեխային ամենից լավ եք ճանաչում։ Ձեր մասնակցությունը կարող է ներառել՝
- Մասնակցությունը ծնողների և խնամողների ուսուցման հանդիպումներին
- Հմտությունների կիրառումը տանը՝ Ձեր և BCBA-ի համատեղ պլանավորած ձևերով
- Երեխայի առաջընթացի մասին դիտարկումների փոխանցումը
- Ընտանիքի համար ամենակարևոր առաջնահերթությունների բացահայտմանը մասնակցելը
Հաջորդ քայլերը
ABA-ն համագործակցություն է։ Ձեր թիմը պետք է միշտ պատրաստ լինի լսելու Ձեր հարցերն ու մտահոգությունները, և խրախուսվում է Ձեր մասնակցությունը երեխայի խնամքին վերաբերող յուրաքանչյուր որոշման մեջ։
Հարցե՞ր ունեք այն մասին, թե ABA-ն արդյոք հարմար է Ձեր երեխայի համար։ Խոսեք BCBA-ի հետ։ Այդ զրույցը լավ հաջորդ քայլ է։
